Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել եւ ոչնչացնել

Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերն ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի եւ հումքի պարտադիր լինելու պահանջը: Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքը եւ մթերքը հայտնաբերվելու դեպքում կասեցվում է իրացումը, առգրավվում է եւ ոչնչացվում: Առգրավման եւ ոչնչացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ին գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է՝ հանրապետությունում քանի՞ գործող սպանդանոցներ կան, ինչին ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը հայտնել է, որ 2020 թվականից սկսած հանրապետությունում ձեւավորվել էին 100 սպանդանոցներ, սակայն դրանց մի մասն անարդյունավետ վարչարարության հետեւանքով դադարել է գործել: Շատ սպանդանոցներ չեն գործում, քանի որ դիմողներ չկան. շատերը մորթն իրականացնում են այլ ճանապարհով:

«Սկզբում պետք է սպանդանոցների խնդիրը լուծենք, հետո մարդկանց բերենք պատասխանատվության դաշտ»,- արձագանքել է պատգամավորը՝ հետաքրքրվելով խնդրի լուծման ուղիներով: Արմեն Դանիելյանը պարզաբանել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրվելու է երեք ամիս ժամանակ՝ այդ ընթացքում փորձելով որոշակի այլընտրանքային տարբերակներ գտնել, թե ինչպես կարելի է ավելի փոքր սպանդանոցների գործունեություն թույլատրել, ինչը թույլ կտա ավելի քիչ ներդրումներով յուրաքանչյուր համայնքում սպանդանոց ունենալ:

Պատգամավորները դրական են արձագանքել փոքր սպանդանոցներ կառուցելու գաղափարին:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ սպանդանոցները գնալով պակասում են, քանի որ շահութաբեր չեն: Թույլ են տեսչական մարմնի գործիքակազմն ու վերահսկողությունը: «Եթե նրանց շահութաբերությունն ավելանա, սպանդանոցների թիվը կավելանա, մրցակցություն կլինի: Սպանդանոցները մեքենա կունենան, որը կգնա դեպի գյուղացին: Մեր ժողովուրդը պատրաստ է կիլոգրամին 100-150 դրամ ավելի վճարել, բայց սպանդանոցային միս օգտագործել, որը վտանգներ չի պարունակում»,- վստահ է նա:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել