Մշակութային օրենսդրության հիմունքներում փոփոխություններ կկատարվեն․ կսահմանվեն «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող», «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունները

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում․ նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 26.1-րդ և 31-րդ հոդվածներում։

Օրենքի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացմանը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում  և իրականացվում է «Մշակույթի պահպանման, տարածման և զարգաց­ման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետը առաջարկվում է լրացնել Ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեու­թյան խթանման և բարենպաստ միջավայրի ձևավորման մասին պարբերությամբ։

Ելնելով այն հանգամանքից, որ Օրենքով անհրաժեշտ է սահմանել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունները, լրացումներ են կատարվել Օրենքի 6-րդ հոդվածում:

Կսահմանվի, որ ինքնազբաղ/անկախ ստեղծագործողը որևէ ստեղծագործական միության չանդամակցող և որևէ կազմակերպությունում մշտական գործունեություն չծավալող, անկախ արվեստագետ, անհատ ստեղծագործող անձն է։

Առաջարկվում է լրացում կատարել նաև Օրենքի 17-րդ հոդվածում, որը թույլ կտա սահմանելու պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների գնահատման ընթացակարգը:

Պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված, ինչը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և պետք է ամրագրվի նաև օրենքով, խմբագրվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը։ Կատարվող լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը իրականացնելու է թանգարանների կառավարման և թատերահամերգային կազմակերպու­թյունների առաջխաղացման գործառույթները։

Նույն 21-րդ հոդվածը լրացվել է երկու նոր կետերով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը ցով պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները սահմանելու և թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը հաստատելու ուղղությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շրջանառվում է նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով չեղարկվելու են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները, անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը:

Միևնույն ժամանակ, նույն հոդվածում կատարվել է երեք նոր լրացում, որոնք վերաբերում են լիազոր մարմնի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, ինչպես նաև մշակութային կազմակերպու­թյունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստա­վորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերի հաստատմանը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյուն­ների սակագնային ընդհանուր քաղաքականության սահմանմանը:

Առաջարկվում է ուժը կործցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը, որոնք վերաբերում են պետական ծրագրերի ներկայացման գործընթացին և ժամանակացույցին։

Միևնույն ժամանակ, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 26-րդ հոդվածում՝ նոր պարբերությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»։

Խմբագրական փոփոխություն է կատարվել Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետում. «ֆիլմարվեստի» բառը փոխարինվել է «կինոարվեստի» բառով և 2-րդ կետի 1-ին ենթակետում «տարածմանը» բառը փոխարինվել է «տարածումը» բառով։

Օրենքի անցուցամային դրույթներով սահմանվում է, որ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո՝ ՀՀ կառավարությունը հաստատում է Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը, սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատու­թյունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, իսկ լիազոր մարմինը՝ հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդի­սացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրա­գրերի և միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատություն­ների սակագնային ընդհանուր քաղաքականությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել