Սնանկության ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում․ ԱՆ-ն ներկայացրել է նախագիծը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում։

Նախագծով առաջարկվում է.

– հնարավորություն ստեղծել սնանկության գործով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը սնանկության գործի շրջանակում քննվող առանձին քաղաքացիական գործերի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց կողմից  վկայակոչվելու կամ գործը քննող դատավորի կողմից բացահայտվելու համար, և սահմանել, որ այդպիսի փաստերը ենթակա չեն կրկին ապացուցման.

– հստակեցնել կամավոր սնանկության դեպքում պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացումը սահմանել որպես պարտապանի պարտադիր պարտականություն.

– սնանկության գործով տեղեկատվությունը դատարանում փակցնելու պահանջը հանել.

– Օրենքով կարգավորել պարտապանի գրավոր առարկության բովանդակությանը և կից անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ներկայացված միջնորդությամբ դատարանի կողմից հայցային վաղեմության քննության հարցը.

– հնարավորություն ընձեռել կառավարիչներին՝ ներկայացնել իրենց համար նախընտրելի ժողովի անցկացման վայրը, ինչպես նաև սահմանել դատարանների ստացած տեղեկությունները կառավարիչներին տրամադրելու ժամկետներ.

– հստակեցնել ժամանակավոր կառավարչի վարձատրության կարգը.

– հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը.

– Oրենքում կառավարչի համար նախատեսել հնարավորություն՝ իր վարույթում գտնվող բոլոր գործերով նախատեսված աճուրդների վճարումները գանձելու համար մեկ բանկային հաշիվ բացելու նպատակով.

– հստակ սահմանել ժողովների անցկացման եղանակները՝ առկա և հեռավար, և այդ եղանակների առանձնահատկություններով պայմանավորված հստակեցնել ժողովի մասին ծանուցմանը և քվեաթերթիկի բովանդակությանը առնչվող դրույթները։ Նույն տրամաբանությամբ նախատեսվում է նաև հնարավորություն տալ խորհրդի նիստերն անցկացնել հեռավար կարգով.

– կարգավորել պահանջների ներկայացման համար սահմանված մեկամսյա ժամկետից հետո ներկայացված պահանջներին առնչվող ընթացակարգը.

– ապահովված իրավունքի առարկայի իրացման մասին դիմումի սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելը սահմանել որպես ներկայացված դիմումը մերժելու հիմք.

– սահմանել, որ ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում ապահովված պահանջի չափիզ նվազելու դեպքում ապահովված պարտատերը ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝ Օրենքի տարբեր կարգավորումների միջև առկա հակասությունը վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված.

– ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ընթացակարգում նախատեսել փոփոխություն՝ սահմանելով ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը դատարան ներկայացնելուց առաջ կառավարչին ուղարկելու պահանջ, այն դեպքում, երբ ծրագիրը ներկայացվել է ոչ կառավարչի կողմից.

– հստակեցնել և լրացնել պարտապանի գործունեությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու վերաբերյալ կարգավորումները.

– կառավարչի հայեցողական իրավունքը՝ վաճառքի ծրագիրը չհաստատվելու դեպքում ծրագիրը հաստատելու միջնորդությամբ դատարան դիմելու վերաբերյալ փոփոխել՝ սահմանելով նման իրավիճակում միջնորդությամբ դատարան դիմելու պարտականություն.

– հանել աճուրդի անցկացման օրը նշելու պահանջը գույքի վաճառքի միջնորդության համար նախատեսված պարտադիր պայմանների շարքից՝ գործընթացի կարգավորվումը վերապահելով Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգին.

– սահմանել հստակ ընթացակարգ, ըստ որի առարկությամբ նշված գնով գույքը չվաճառվելու դեպքում այն վաճառքի է ներկայացվում կառավարչի առաջարկած գնով.

– լրացնել աճուրդի ընդհատման դեպքերը.

– սահմանել չկայացած աճուրդների արդյունքում գույքի գնի նվազեցման հստակ ընթացակարգ՝ նախատեսելով, որ տասնհինգ անգամ գույքի գինը կարող է նվազեցվել ընդհանուր կարգով, որից հետո երկու անգամ գույքը նույն գնով ներկայացվում է վաճառքի, իսկ չվաճառվելու դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում միջնորդություն՝ գույքի գնի իջեցման արգելքը վերացնելու մասին, որի բավարարման դեպքում գույքի գների իջեցումը կատարվում է ընդհանուր կարգով.

– գնելու նախապատվության իրավունքից օգտվելու ցանկության դեպքում սահմանել այլ ընթացակարգ՝ առանց պարտատերերի ժողովի համաձայնության.

– ներդնել նոր ընթացակարգ, ըստ որի կառավարիչը կարող է համապատասխան հիմքերի առկայության դեպքում դիմել դատարան՝ շարժական գույքը իրեն հանձնելուն պարտավորեցնելու պահանջով.

– հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ոչ թե ամենամսյա կարգ, այլ յուրաքանչյուր ձեռնարկված գործողության մասին տեղեկացնելու կարգ՝ այդ գործողության իրականացումից տասնօրյա ժամկետում.

– պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում.

– Օրենքում նոր գլուխ՝ «Սնանկության վարույթում Էլեկտ­րո­նային եղա­նա­կով իրականացվող դատավարական և այլ գործողությունների առանձ­նա­հատկու­թ­յուն­­նե­րը» ներդնելու ճա­նապարհով թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ էլեկտ­րո­նային համակար­գի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրամադր­վող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողու­թյուն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական ե­ղա­նա­կով կատարված համանման գործողությունը.

– սահմանել, որ Դատարանը, սնանկության գործով կառավարիչները, պարտապանը, պարտատերերը, ինչպես նաև սնանկության վարույթով շահագրգիռ այլ անձինք սնանկության գործերի հետ կապված էլեկտրոնային համակարգից օգտվում են Օրենքով սահմանված կարգով, իսկ Օրենքով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանի և դատավարության մասնակիցների համար սահմանված կարգով։ Բացի այդ, արձանագրվել է, որ եթե Օրենքով սահմանված են էլեկտրոնային համակարգի միջոցով գործողությունների իրականացման այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի հետ կապված գործում են Օրենքով սահմանված կանոնները.

– նախատեսել էլեկտրոնային համակարգն օգտագործող անձանց շրջանակը, պարտատերերի ժողովի և խորհրդի անցկացման, ծանուցումների առանձնահատկությունները.

– սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի համապատասխան որոշման հիման վրա գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պետք է փոխանցվի սնանկության հատուկ հաշվեհամարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել