Ի՞նչ եղանակ է սպասվում ամբողջ հունիս ամսվա ընթացքում

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որն ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14° C, Լոռիում` +13…+15° C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19° C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+23° C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6° C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4° C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7° C (1967թ., հունիսի 5): Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42° C:

Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012թթ., երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով: Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ., երբ ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:

Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ: Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ.:

Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը: Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Եղանակի կանխատեսում 2023թ. հունիս ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճանով նորմայից բարձր, տեղումների քանակը նորմայից ավել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել