Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ 29,800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով խաղաղության պայմանագիր կկնքի։ Սիմոնյանը բացառում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին որևէ միջանցքի տրամադրումը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Բացառվում է, որ 29,800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով խաղաղության պայմանագիր կնքվի։ 29,800 քառակուսի կիլոմետր թիվը մենք ենք հնչեցրել, Հայաստանի Հանրապետության վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից կարմիր գիծ է գծել, և 29,800 քառակուսի կիլոմետրը մենք ենք բերել օրակարգ։ Նույնը կարող եմ ասել միջանցքի մասին, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ միջանցք չի լինելու, չի կարող նման բան լինել, այդ խոսույթը մենք դուրս ենք հանել և կարմիր գիծ ենք գծել մեզ համար»,- ասաց Սիմոնյանը։