ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետեւաբար քվեատուփում որեւէ քվեաթերթիկ չի եղել:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:
Հակոբ Արշակյանը պարզաբանել է, որ այս դեպքում երկրորդ փուլ տեղի չի կարող ունենալ, եւ ԲԴԽ-ն տասնօրյա ժամկետում պետք է առաջադրի հաջորդ թեկնածուների եռյակին: