«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», – այս մասին այսօր՝ մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։
Նա նշեց, որ միջադեպի ժամանակ Հայաստանում չի եղել։
«Երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են սկսվել։ Երբ նրա հետ զրուցում էի, հիշեցրեց, որ ամբողջ նպատակն ու խնդիրն այն էր, որ երկրում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Հարցրեց՝ հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ ի՞մ ընկերներին կամ ջոկատի անդամներին վերցնեմ, պատասխան գործողություններ անեմ, անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը՝ առևանգմա՞մբ»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 1 ամիս ժամկետով կալանավորվել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում