Նախատեսվում է ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել և ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի քաղաքացիական գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան և միևնույն ատյանի դատարանի նստավայրերի միջև փոխանցումը, ինչպես նաև կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ և դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:

Iravaban.net-ը հայտնում է, որ ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների և դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահավմանը։

Նախագծով առաջարկվում է օրենսդրական փո­փո­խու­թ­յուն­ները հիմնվում են հետևյալ հայեցակարգային սկզբունքների վրա.

  1. Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հան­գեց­նելու ավանդա­կան դատավարությունների վերացմանը։ Ողջամիտ է նախատեսել, որ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության մասնակից­ները պետք է հնարավորություն ունենան «ընտրել»՝ օգտագործել համապատասխան է­լեկտրոնային համակարգերը, թե ոչ։ Այսինքն՝ առնվազն մոտակա մի քանի տարի­նե­րի ընթացքում դատավարության ավանդական կարգը շարունակելու է գործել ան­փո­փոխ։

Այս առումով, հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունները և լրացումները ընթանալու են ոչ թե ներկայումս գործող դատավարական նորմերը փոփոխելու, այլ՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նոր գլուխ՝ «Էլեկտ­րո­նային եղա­նա­կով ի­րականացվող դատավարական և այլ գործողությունների առանձ­նա­հատկու­թ­յուն­­նե­րը» ներդնելու ճա­նապարհով։

  1. Կատարվելիք լրացումները վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ է­լեկ­տ­րո­նային համակար­գի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրա­մադր­վող գործիքակազմին համահունչ եղանակով ներկայացված հայցադիմումները, դի­մում­ները և բողոքները դատարանի կողմից քննության ընդունելու (վարույթ ըն­դու­նելու) հարցում առկա չլինեն ձևական դատավա­րական խոչընդոտներ։
  2. Կատարվելիք լրացումները (ի­րավանորմերը) վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ է­լեկտ­րո­նային համակար­գի միջոցով, պատշաճ կերպով և համակարգի կողմից տրա­մադր­վող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողու­թ­յուն ունենա նույն դատավարական հետևանքները, որը կունենար ավանդական ե­ղա­նա­կով կատարված համանման գործողությունը։
  3. Առաջարկվող լրացումներով մասնավորապես՝

1) սահմանվել և տարանջատվել է «էլեկտրոնային եղանակով վարվող գործ» և «նյութական եղանակով վարվող գործ» հասկացությունները,

2) սահմանվել է, որ «էլեկտրոնային վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձևավորվել են (ստեղծվել են) կամ ներկայացվել են համա­կարգի միջո­ցով, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի «սքանավորված» (scanned) տար­բերակ­նե­րը, որոնք ներկայացվել են «ավանդական» եղանակով։

3) սահմանվել է, որ «նյութական եղանակով վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ավանդական եղանակով, ինչպես նաև՝ բո­լոր այն փաստաթղթերի տպված (printed) տարբերակ­նե­րը, որոնք ձևավորվել են (կամ ստեղծ­վել են) կամ ներկայացվել են համա­կարգի միջո­ցով։

4) սահմանվել է, որ դատարանն ամեն դեպքում պարտավոր է միա­ժամանակ վա­րել և՛ «թղթային», և´ «էլեկտրոնային» գործեր, որոնց պարունակությունը բովանդակային առումով պետք է լինի համարժեք։

Իհարկե, նման տարբերակի կիրառումը սկզբնական շրջանում կարող է աշխատատար լի­նել դատա­րան­ների աշխատակազմերի համար։ Սակայն այն հնա­­րա­վորություն կտա լուծել երկու էական հարց. 1) այս տար­բե­րա­կի կիրառումը գործին մասնակցող անձանց թույլ կտա  ցանկացած պահի և առանց որևէ խնդրի «անցում» կատարել ավանդական դա­տա­վարությունից դեպի էլեկտրոնային դատա­վա­րություն (ինչն անհրաժեշտ է էլեկտ­րո­նային համակարգի «առաջխաղացման» տե­սան­կյունից) կամ հակառակը (ինչն ան­հ­­րաժեշտ կլինի այն դեպքերում, երբ անձը որևէ պատճառով կզրկվի հասանելի տեխնի­կա­­կան միջոցներից), 2) գործին մասնակցող ան­ձանց արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների ա­պա­հովման տեսանկյունից՝ այս տար­բե­րա­կի կիրառումը հնարավորություն կտա խու­սափել դատական ակտերի հնարավոր բեկանումներից և ըստ այդմ՝ դատավարական ժամկետների անհարկի ձգձգումներից։

5) Եթե գործին մասնակցող բոլոր անձինք գործի շրջանակներում օգ­տագոր­ծում են էլեկտրոնային համակարգը, ապա դատարանն իրավունք ունի որոշակի կազ­մակերպչական գոր­ծողու­թ­­յուն­­ների շրջանակ (օրինակ՝ դատական գործի ու­ղար­կումը մեկ ատյանից մեկ այլ ատյան) կա­տարել միայն էլեկտրոնային եղանակով։

6) Եթե գործին մասնակցող անձանց միայն մի մասն է գործի շրջանակներում օգ­տա­գոր­ծում էլեկտրոնային համակարգը (կամ եթե գործին մասնակցող որևէ անձ գոր­ծի շրջանակներում չի օգ­տա­գոր­ծում էլեկտրոնային համակարգը), ապա դատա­րանը որոշակի կազ­մակերպչական գոր­ծողու­թ­­յուն­­ների շրջանակ պետք է կատարի և՛ ավանդական, և՛ էլեկտրոնային եղանակներով։

7) Անձը կարող է համարվել գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգն օգտագործող, եթե տվյալ գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է առնվազն մեկ գործողություն և դրանից հետո չի ներկայացրել դիմում առ այն, որ իր մոտ առկա է էլեկտրոնային համակարգն օգտագործելու անհնարինության իրավիճակ։ Ընդ որում, նախագծով հստակ սահմանվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր պետք է օգտագործեն էլեկտրոնային համակարգը, մասնավորապես փաստաբանները, սնանկության գործով կառավարիչներև և գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողը։

  1. Նախագծում հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները․

1) դատավարական մի շարք պարտականություններ, որոնք կիրառելի են «ա­վան­­դական» եղա­նակով ընթացող դատավարություններում, չեն կա­րող կիրառելի լի­նել էլեկտրոնային եղանակով ընթացող դատավարություններում (օրինակ՝ այն պատ­ճա­ռով, որ այդ դատավարական պարտականություններն էլեկտրոնային համակարգն օգտագործելու դեպքում կատարվելու են ինքնաշխատ կերպով),

2) մի շարք դատավարական գործողությունների կատարումն էլեկտրոնային ե­ղա­նակով օբյեկտիվորեն անհնարին է։

  1. Ի թիվս որոշ այլ դատավարական ինստիտուտների, համապատասխան փո­փո­խու­­թ­յուն­ները կատարելիս կարգավորում է տրվել հետև­յալ հար­ցերը.

– Դատավարական փաստաթղթերի ներկայացման և ուղարկման կարգ,

– Դատական ակտերի կայացման և ուղարկման կարգ,

– Դատական ծանուցումներ և «պատշաճ ծանուցում» հասկացություն,

– Պետական տուրքի վճարումներ և պետական տուրքի «վճարումը հավաստող պատշաճ ապացույց» հասկացություն,

– Ապացույցների ներկայացման կարգ և բնօրինակ հանդիսացող փաստաթղ­թե­­րի կամ դրանց պատ­շաճ վավերացված պատճենների ներկայացման առանձնա­հա­տ­կու­թյուններ,

– Էլեկտրոնային ստորագրության կիրառում և դատավարական փաստաթղ­թե­րն ու դատական ակտերը պատշաճ ստորագրված և հաստատված համարելու վերա­բեր­յալ կարգավո­րում­ներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել