Փաստաբան Լևոն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, նախաձեռնված քրեական վարույթը՝ կարճվել։ Iravaban.net-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քննիչը գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիման վրա։
Հոդվածը սահմանում է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
Կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ պարեկային ծառայության ծառայողները մարտի 22-ին Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Ըստ գործի նյութերի՝ ուղևորը 40 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկային ծառայողներին:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։