«Նեմեսիս»-ի արձանի մասին վարչապետին չէի ասել. նախկին քաղաքապետ

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկին։

Նա հայտարարել է, որ այդ արձանի տեղադրման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ասել. «Ես կարծում եմ՝ «Նեմեսիս»-ը պատմական փաստ է։ Հիմա ինչ, Թուրքիան պետք է ստիպի, որ մեր դասագրքերից այդ տեղեկատվությունը հանե՞նք։ Ծիծաղելի է։ Կարծում եմ, որ նրանք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,-ասաց Սարգսյանը։

Վարչապետի խորհրդականը նաև խոսեց քաղաքապետի պաշտոնում իր առաքելության մասին՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են, հիմա էլ շարունակվում են։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է՝ «եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։

Հայաստանի ԱԽ քարտուղարը մայիսի 9-ին արձագանել է՝ «Նեմեսիս»-ի արձանը Հայաստանի ներքին գործն է»։ «Բնականաբար, դա Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», – ասել է Արմեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել