2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում նախապես ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայող, արդարադատության ավագ ենթասպա Կ.Կ.-ին:
ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ խուզարկության ընթացքում վերջինս իր սպորտային պայուսակից ինքնակամ հանել և հանձնել է պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, 2 USB լար և լիցքավորման սարք: Այլ արգելված իրեր Կ.Կ.-ի մոտից չեն հայտնաբերվել:
Կ.Կ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված արգելված իրերը նախապես վերցված գումարի դիմաց պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Մ.Ա.-ին:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից Կ.Կ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և նախաձեռնվել է քրեական վարույթ: