«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր համաժողովրդական հանրահավաք, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքական այլ գործիչներ։
Այս մասին տեղեկանում ենք «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմի հաղորդագրությունից։
Հանրահավաքը մեկնարկել է լռության րոպեով, որին հաջորդել է տերունական աղոթքը։ Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը օրհնության խոսքում անդրադարձել է Եռատոնի կարևորությունը։ «Մայիսյան Եռատոնը տարիներ շարունակ բոլորիս համար եղել է ուրախության և ուժի աղբյուր։ Իհարկե, այսօր ինքներս մեզ խաբել չենք կարող և նույն ոգևորությամբ տոնել, ուրախանալ, բայց չենք կարող նաև անտեսել և մոռանալ, քանի որ ներկայի որևէ անհաջողություն չի կարող արժեզրկել անցյալի սխրանքը, սերն ու նվիրումը։ Ուստի, չնայած այդ տոները դադարել են ուրախության աղբյուր լինելուց, բայց չեն դադարում մեզ ուժ տալ»,- ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը ևս իր ելույթը սկսել է շնորհավորանքով և նշել, որ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն է։ «Ձեռքիս երկու թուղթ կա, մեկը՝ 1988թ-ի թղթերից է, մյուսը՝ այսօրվա ստորագրահավաքինը։ 35 տարի առաջ այս նույն ձևով է սկսվել պայքարը։ Այս ստորագրավահավաքը նոր համախմբման շարժում է և վերահաստատում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի՛ լինելու: Մենք պայքարելու ենք մեր տանն ապրելու իրավունքի համար»,- ասել է Դավիթ Բաղրյանը։
Հանրահավաքի կազմակերպիչները հայտարարել են, որ ապրիլի 28-ից մեկնարկած ստորագրահավաքի արդյունքում այս պահի դրությամբ կա ավելի քան 120 հազար ստորագրություն ինչպես թղթային, այնպես էլ առցանց տարբերակով: Այդ ստորագրությունները Երևանում կփոխանցվեն ՀՀ կառավարությանը, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին:
Հանրահավաքին ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին պետական նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը, որն աջակցում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնությանը։