Երևանի քաղաքապետի տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց հանաձայն՝ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության նոր տնօրեն է նշանակվել։
Լևոն Հովհաննիսյանի մայսի 3-ի որոշման մեջ ասվում է․
«Վան Թադևոսյանին՝ 2023 թվականի մայիսի 3-ից նշանակել «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։
Iravaban.net-ը հայտնում է, որ մայիսի 3-ի մեկ այլ որոշմամբ Փարքինգ սիթի սերվիսի տնօրենի պաշտոնից ազատվել է Վազգեն Հարությունյանը։
Երևանի քաղաքապետարանի մայիսի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց․ «Առաջարկում եմ՝ Վազգեն Հարությունյանին շնորհավորել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
- 17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել.
- 107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ․
- 27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։
Լուսանկարում՝ Վազգեն Հարությունյանը