Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ, որով առաջարկվում է նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի համար սահմանել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով ՀՀ կենտրոնական բանկին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն, ինչպես նաև հանել նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներից չբխող նախադասությունը:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Լիազոր մարմին) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ պետք է ներկայացվեն հաշվետվություններ: Նշված ցանկում ներառված չեն գույքի նվիրատվության դեպքերը:
Այս համատեքստում ուշագրավ է, որ, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Այսպես.
2020 թվականին գրանցվել է նվիրատվության՝ 4017 գործարք Երևանում, 8674 գործարք՝ մարզերում,
2021 թվականին՝ 5882 գործարք Երևանում, 12060՝ մարզերում,
2022 թվականին՝ 7334 գործարք Երևանում, 15765՝ մարզերում:
Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ նվիրատվության գործարքների անընդհատական աճն իր մեջ պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ և շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն իբրև օրինական ճանապարհով օտարելու միջոցով ՀՀ իրավապահ մարմիններից թաքցնելու և օրինականացնելու նպատակով: Ու թեև Օրենքով նոտարների և ՀՀ կադաստրի կոմիտեի վրա դրված է կեղծ և շինծու գործարքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականություն, սակայն նման պարտականությունն ամբողջությամբ չի ծածկում ներկա իրավիճակով պայմանավորված և նկարագրված բոլոր ռիսկերը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նման գործառույթ կատարողները (նոտարները) սահմանված կարգով Լիազոր մարմնին ներկայացվող իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաև տեղեկություններ՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ՝ հետագայում դրանց մոնիթորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաև առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:
Միևնույն ժամանակ, Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում առկա է դրույթ՝ կանխիկ ձևով կատարվող գործարքների վերաբերյալ, որը չի համապատասխանում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորումներին, ուստի այն անհրաժեշտ է հանել՝ թողնելով առկա ընդհանուր կարգավորումները: