Պահեստազորի գնդապետ Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը պետանվտանգության մարմիններում կյանքի ու ծառայության նշանակալի ուղի անցած սպա է, զինվորական ականավոր գերդաստանի շառավիղ, հայկական բանակի կայացման գործում անուրանալի ներդրում ունեցած գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի որդին:
Այս մասին գրում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Վարազդատ Դալիբալթայանը ծնվել է 1954-ին, Էջմիածին քաղաքում: Պայմանավորված ընտանիքի գլխավորի հաճախակի փոխվող ծառայության վայրերով` նախնական կրթությունը ստացել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջնակարգ ուսումնական հաստատություններում:
1972-1977 թվերին ուսանել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ուսումնառությունից հետո վերադարձել է Հայաստան, աշխատանքի անցել ըստ ձեռք բերած ինժեներ-շինարարի մասնագիտություն: Չորս տարի անց Վ. Դալիբալթայանը կյանքն ամբողջ 37 տարով կապել է պետանվտանգության մարմինների հետ:
1981 թվականին աշխատանքի անցնելով հայաստանյան պետանվտանգության կառույցում՝ ուսման է գործուղվում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի Մինսկի բարձրագույն կուրսեր։ Վերադառնալով՝ անցնում է օպերատիվ աշխատանքի`այն զուգակցելով ՀԽՍՀ ՊԱԿ-ի կազմում նվիրյալների նախաձեռնությամբ կազմավորված ահաբեկչության և կազմակերպված հանցագործության ու բանդիտիզմի դեմ պայքարող խմբի գործունեությանը, որը գործում էր արտահաստիքային հիմունքներով։ Աշխատանքի որակական ցուցանիշներով այն Խորհրդային Միությունում ուներ լավագույններից մեկի համարումը: Խմբի կազմավորումը պայմանավորված էր այդ տարիներին ԽՍՀՄ-ում օդանավերի առևանգման դեպքերով:
1988-ից սկիզբ առած արցախյան շարժումը, ապա և դրան հետևած պատերազմը աշխատանքի նոր ճակատ էր նշանակում պետական անվտանգության հայաստանյան կառույցի համար: Այն իրենից ներկայացնում էր ոչ միայն սահմանային լարվածության դեպքերին մասնակություն, կանխարգելիչ գործողությունների իրականացում, սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովում, այլև ակտիվ ընդգրկվածություն սահմանային մարտական գործողություններին:
1994 թվականին հետևում է վարչության պետի մակարդակով Վ. Դալիբալթայանի առաջին նշանակումը` նրան է վստահվում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավարումը: Հետևողական, արդյունավետ աշխատանքի վկայումը դառնում են ոչ միայն նրան Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի շնորհումը, այլև վարչության կարգավիճակ ունեցող «Ա» ստորաբաժանման ստեղծումն (1996) ու ղեկավարումը: Ստորաբաժանումը նախկին ԽՍՀՄ-ի, ապա և Ռուսաստանի Դաշնության «Ալֆա» կառույցի կրկնակն էր։
Ի դեպ հետաքրքիր մանրամասն՝ կապված Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի հետ։ Առաջին՝ պետանվտանգության պատվավոր աշխատակից Վ․ Դալիբալթայանն այն ստացած առաջին անձնանցից մեկն է և երկրորդ՝ գործնականում Հայաստանում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել նույն ընտանիքի երկու անդամի (տվյալ պարագայում՝ հայր ու որդու), ովքեր այդ բարձր շքանշանի կրողներ են։
2001 թվականին հետևում է նրա նոր նշանակումը, որը ձգվեց շուրջ երկու տասնամյակ՝ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնում ամբողջ 18 տարի իրականացրել է ՀՀ լիազոր ներկայացուցչի գործառույթները:
Ծառայությունից արձակվելուց առժամանակ անց, երբ երկիրը նորից զգաց Վ․ Դալիբալթայանի փորձի ու իմացության կարիքը, նախարարի խորհրդականի որակում նա 2021-ին հրավիրվեց Պաշտպանության նախարարություն, աշխատեց մինչև նախարարի պաշտոնաթողությունը։
Վարազդատ Դալիբալթայանը ողջ գործունեության ընթացքում անխաթար է պահել հոր` ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական ականավոր գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանի անունը, ով հայրենիքի կանչով երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում եկավ Հայաստան, զինվորագրվեց մեր նորանկախ երկրի ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին»: