Այսօր Շուշիի ազատագրման օրն է․ «Հարսանիք լեռներում»՝ բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով

1992 թվականի մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին, տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը` «Հարսանիք լեռներում»: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակն էր: Նախատեսված է եղել քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել, այդ իսկ պատճառով գործողությունն իրականացվել է մայիսի 8-ին։

Գործողության հրամանատարը եղել է Հայաստանի Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)։

Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ` Շուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը ֆիզիկապես ու բարոյապես փշրվեց, դրվեց հայկական կանոնավոր բանակի հիմքը:

Գրոհի արևելյան ուղղության ղեկավարն է եղել Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Հյուսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն է եղել, հյուսիս-արևմտյանինը՝ Սեյրան Օհանյանը: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է «26-ի» հենակետի (գտնվում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում) պահեստազորի ռազմական գործողությունը: Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն է եղել:

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը Արկադի Տեր-Թադևոսյանի մասին նշել է․«Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին:

Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ»:

Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր, որ Շուշիի ազատագրումն իրականացնելուց հետո ամուսնանալու է, ինչի համար էլ Շուշիի օպերացիան կրեց «Հարսանիք լեռներում» անվանումը։

Շուշին այսօր օկուպացված է թշնամու՝ ադրբեջանական զինուժի կողմից։ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարեց․ «Ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։

Ադրբեջանը անում է հնարավորը՝ հայկական բերդաքաղաքից հայկական հետքերը մաքրելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել