Դեռևս չի հաջողվել մարդկանց շրջանում նվազեցնել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների աստիճանը․ պատգամավոր

Վերջին շրջանի պարբերական այցերը մարզեր և մարզաբնակ հայրենակիցների հետ զրույցները վեր են հանում օրինաչափություններ, որոնց կարծում եմ արժե անդրադառնալ (գրառման մեջ սեփական տպավորություններն են)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«1․ Երբ գործընկերների հետ ամփոփում ենք մարզային այցելությունները, առաջին եզրակացությունը, որն արձանագրում ենք հետևյալն է․ հանրային կարծիքը զգալիորեն փոխվել է նաև վերջին մեկ տարվա համեմատությամբ։ Բոլոր մարզերում, ցանկացած բնակավայրում, միանգամայն ոչ ֆորմալ շփումներում հազվադեպ են հանդիպում իշխող ուժի գործողությունները և հայտարարությունները ակնհայտորեն պաշտպանող քաղաքացիներ։

2․ Միևնույն ժամանակ աճում է քաղաքական ուժերի նկատմամաբ ընդհանուր անվստահությունը և սա սնուցվում է հենց իշխանական քարոզչական մեքենայի կողմից։ Բոլոր ուժերի նույնականացումը, ՀՀ բոլոր ղեկավարների միջև հավասարության նշան դնելը, «դե մեկ է ոչինչ չի փոխվի», «ով էլ լինի նույնն է լինելու», «Հայաստանը դաշնակիցներ չունի, մենակ ենք մնացել թուրքերի դեմ», «ռուսները մեզ գցում են» նարատիվները հիմա իշխանական պրոպագանդստների գլխավոր թեզերն են, որոնք հաճախ կարող ենք լսել Հայաստանի ամենատարբեր անկյուններում։

3․ ՀՀ բոլոր մարզերում, ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ այս կամ այն կերպ զգում են անվտանգային համակարգի փլուզման հետևանքները և ունեն տարբեր աստիճանի արտահայտված մտահոգություններ։ Մենք չենք հանդիպել մարդու, ում անվտանգային հարցերը չեն հուզում, այլ հարց է, թե ում են մարդիկ հասցեագրում այդ հարցերը։ Այստեղ կա լրջագույն խնդիր՝ իշխանական պրոպագանդային հաջողվում է որպես այդ հարցերի հասցեատեր ներկայացնել արտաքին ուժերին, դաշնակիցներին, ոչ իշխանական ուժերին՝ իրենցից պատասխանատվությունը հեռացնելու համար։

4․ Որդեգրվել է անվտանգային ճգնաժամը կենցաղային խնդիրներին անդրադարձով քողարկելու մարտավարություն։ Տարբեր համայնքներում հսկայական գումարներ են ծախսվում մարդկանց համար տեսանելի խնդիրների թվացյալ լուծման համար (ասֆալտապատում, ջրագծերի խնդիրներ, տարբեր շինությունների թեկուզ կոսմետիկ վերանորոգումներ)։ Կապ չունի, որ օրինակ մոտավորապես մեկ տարի առաջ այս իշխանությունների կողմից կառուցված, Իրանի հետ Հայաստանը կապող միակ ռազմավարական Գորիս-Կապան ճանապարահի տարբեր հատվածներ քարուքանդ են ու կախված եղանակային պամաններից հաճախ դառնում են դժվարանցանելի կամ գրեթե անանցանելի։ Նույն պատկերն է բոլոր մնացած դեպքերում։ Աշխատանքը արվում է նույն որակով բոլոր վայրերում։ Արդյունքում անընդհատ անհրաժեշտություն է առաջանում վերադառանալ ոչ վաղ անցյալում արված աշխատանքին՝ ստեղծելով բուռն և կարևոր գործունեության իմիտացիա։
Այստեղ խնդիր է առաջանում ոչ իշխանական ուժերի համար։ Անհրաժեշտություն կա ավելի մեծ ջանքեր գործադրել կենցաղային խնդիրներ և անվտանգային խնդիրներ կեղծ հակադրությունից դուրս գալու համար։ Չկա լրիվ առանձին և վերացական անվտանգային խնդիր, այն մշտապես շաղկապված է մարդկանց կյանքի հետ, ավելին՝ անհնար է անվտանգային խնդիր լուծել առանց մարդկանց մյուս խնդիրները կարևորելու և միմյանց հետ ունեցած կապը ցույց տալու։

5․ Չնայած հսկայական պրոպագանդիստական ջանքերին, այդուհանդերձ դեռևս չի հաջողվել մարդկանց շրջանում նվազեցնել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների աստիճանը։ Այս հարցում էական դեր ունեն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն ու Թուրքիայից հնչող հայտարարությունները։
Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիները խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել։ Սակայն այս առումով դեռևս շատ աշխատանք կա անելու։

6․Չնայած այս ամենին բոլոր բնակավայրերում կա իշխող ուժի նկատմամբ ռադիկալ տրամադրված մարդկանց խումբ ում միակ պահանջը իշխանափոխության օրակարգն է։ Այս մարդկանց թիվը ևս աճել է անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ:
Նկարում մի դրվագ է մարզային հանդիպումներից։ Փորձում ենք դահլիճային հանդիպումներին զուգահեռ անպայման նաև նաման խմբակային հանդիպումներ կամ առանձնազրույցներ ունենալ, որտեղ մարդիկ ավելի անկաշկանդ են կարողանում արտահայտել մտքերը և կիսվել մտահոգություններով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել