Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծեց նաև, որ կրթությունից զատ համալսարանը նպատակ է հետապնդում ուսանողներին ծանոթացնելու և հաղորդ դարձնելու ազգային արժեքներին։

Իր հայրական սերն ու օրհնությունը բերելով Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։ Ըստ Հայրապետի՝ հոգևոր, բարոյական արժեքներով ձևավորման դեպքում է, որ գիտելիքը մարդուն կարող է պարգևել բարօր և երջանիկ կյանք։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորեց հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատեց նաև ԲՈւՀ-րի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։

Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել