Արցախը 146 օր է շրջափակման մեջ է։
Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն տարածեց Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչության մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչությամբ՝ նշելով, որ Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն:
Մայիսի 6-ի դրությամբ «ՈՉ` Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժումը շարունակում է բարձրացնել բողոքի ձայնը՝ պահանջելով, որ դադարեցվի արցախահայության էթնիկ զտումն ու հայրենազրկումը։
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամները մայիսի 2-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում անժամկետ խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ակցիային, որի նպատակն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախում չեն հանդուրժում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի խախտումները, մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Դեղորայքի և բուժսարքավորումների պակասի պատճառով պլանային վիրահատությունները մի քանի ամիս շարունակ դադարեցված էին մնում, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդների մոտ առողջության վատթարացում և սուր դեպքերի աճ է գրանցվել։ Սրացումների թվի աճից խուսափելու համար վերջերս պլանային վիրահատությունները մասամբ վերսկսվել են։ Անհետաձգելի ցուցումներով երեխաների մի մասն արդեն վիրահատվել է «Արևիկ» մանկական բուժմիավորման բժիշկների կողմից»։
2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ:
Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․
«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։
Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։
Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։
Արդեն 146 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։
Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:
Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։