Ոստիկանական բարեփոխումները ձախողե՞լ են, որ հանցագործությունների թվի աճ կա. պատգամավոր

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ հանցագործությունների թվերի աճ կա: Պատգամավորը հարցրել է, թե ոստիկանական բարեփոխումները որտեղ են ձախողել, որ դրանց արդյունքում Հայաստանում թմրամոլության ու հանցագործությունների թվի աճ կա:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Պատգամավորի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ավելանում է:

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու օգտագործողների քանակն այնքան են մեծացել, որ նույնիսկ այդ հարցն ԱԽ նիստում ենք քննարկել ու հանձնարարականներ տվել: Բարդությունն այն է, որ արդեն տելեգրամյան ալիքներով են թմրանյութեր վաճառում: Եթե իրավիճակին ճիշտ ենք տիրապետում, առաջիկայում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը կասեցնելու ու դրա դեմ պայքարելու մասով ավելի արդյունավետ գործիքներ կկիրառենք»,- ասել է երկրի վարչապետը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ հազարավոր ընտանիքների՝ խնջույքներ չանելու նկատառմանը, վարչապետն ասել է. «Հայաստանի Հանրապետությունից կտրված եք, եթե կարծում եք՝ երկրում խնջույքներ չեն անում: Շատ էլ լավ ե՛ւ դուք եք անում, ե՛ւ ձեր խմբակցությունը, ե՛ւ բոլորը: Մենք որեւէ բան չենք ուրանում»:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է՝ ինքը խոստացել է ու շարունակում է խոստանալ երջանիկ երկիր:

«Դա մեր քաղաքական նպատակն ու հանձնառությունն է: Երջանիկ երկիրն աչքի առաջ ունենալով է, որ խոսում եմ հարցերի մասին ու ձեւակերպում մտքեր, որոնք սովորական պայմաններում երբեք չէի ձեւակերպի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել