Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ ինքը չի կասկածում, որ հայն ու Հայաստանը հավերժ են լինելու։ Պարզապես պետք է, որ պետության ղեկավարները երբեք չսկասկածեն, որ այդ պետությունը կլինի, թե չի լինի, այդ պարագայում պետությունն ավելի կամրանա։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն, ինչ ասաց պատգամավորը կենաց է, որը նա կիսում է։
«Ես այդ կենացը հոտնկայս բարձրացնում եմ, բայց ինչ եմ ասում ես, ասում եմ՝ եկեք այդ կենացը դնենք աղյուսակի մեջ, դնենք բանաձևի մեջ, որպեսզի դա ոչ միայն կենաց լինի այլ լինի իրականություն, որովհետև եթե մենք հայրենասիրության այս մոդելի մեջ մնանք, ոչինչ չի լինելու, լինելու է այնպես, ոնց եղել է միշտ։ Մենք կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել։ Հետո, երբ աշխարհաքաղաքական կուլտուրան փոխվել է, մենք կորցրել ենք այդ պետությունը։ Այն ժամանակվա պատգամավորներն էլ են տարբեր եղել, վարչապետներն էլ են տարբեր եղել, այսինքն այնպես չի, որ կոնկրետ ինձնից ու ձեզնից ա դա։ Մեկ այլ գործոն կա, որ և՛ իմ մեջ կա, և՛ ձեր մեջ կա, և՛ մեր նախնիների մեջ է եղել, դա մտածուղության այն մոդելն է, որով մենք մեղ և աշխարհն ընկալում ենք, որովհետև մեր շորը ոնց որ թե փոխվում է, մեր տեխնոլոգիաները փոխվում են, բայց մենք այդ տեխնոլոգիաների մեջ նույն քառակուսին ենք գծում։ Այստեղ է պրոբլեմը։ Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, որ մենք չմտածեն, որ մեզ կասեն՝ փաստորեն դու հայրենասեր չես, փաստորեն դու դավաճան ես, դու այսպես ես մտածում, ոչ թե այնպես։ Մենք պետք է չվախենանք մտածելուց, պետք է կարողանանք համարձակ, երբեմն անսպասելի մտքեր արտահայտել և եթե դա տեղի չունենա այս դահլիճում, դա այս պետության համար ամենամեծ պրոբլեմն է։ Կարող է ասեն՝ «ձայնը տաք տեղից է դուրս գալիս», որովհետև ինձ այնքան ասել են՝ դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն՝ դավաճան, դա էլ ձեր սխալն է, այնքան եք ասել․․․»,-ասաց վարչապետը և ժպտաց։
Դահլիճից արձագանքեցին՝ լավ չի էլի․․․։
«Լավ ա, լավ չի, էդ ա»,-ասաց Փաշինյանը։
Գեղամ Նազարյանը կրկին արձագանքեց, առանց իրավունքի, որ վարչապետը լուրջ թեմա է բարձրացնում, որը «ոտքի վրա» քննարկելու չի։
«Հարգելի՛ պարոն Նազարյան, ես բազմիցս եմ ձեզ առաջարկել ամենատարբեր ֆորմատներով քննարկել տարբեր լուրջ թեմաներ, դուք դա չեք ցանկացել։ Ես շարունակում եմ պատրաստակամ մնալ՝ այդ բոլոր թեմաները քննարկել։ Այսօր էլ այսպես, կիսաոտքի վրա ստացվեց, բայց սա ֆունդամենտալ հարց է, որը մենք պետք է քննարկենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։