Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 3-ին, նախքան դատական նիստի մեկնարկը, լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
Վերջինս կոպիտ ձևով մերժեց, բացի այդ հայհոյանքներ հնչեցրեց լրագրողների հասցեին։
«Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛»,-ասաց Գասպարյանը։
Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա մեկ անգամ էլ ձեռքով ուժեղ հարվածել է դատարանի մուտքի դռանը։ Դատական կարգադրիչի` զննում անցնելու վերաբերյալ դիտարկմանը Գասպարյանը նույնպես կոպիտ արձագանքեց ու առանց կարգադրիչի պահանջին ենթարկվելու՝ մտավ նիստերի դահլիճ։
Նշենք, որ վերջինիս ուղեկցողները նախօրոք հայտնել էին լրագրողներին, որ Գասպարյանը դժվարությամբ է քայլում ու չի ցանկանում, որ դա տեսանյութերում երևա։ Լրագրողները, հարգելով ամբաստանյալի խնդրանքը, նրա մեքենայից դուրս գալու հատվածը չեն նկարել ու մոտեցել են նրան այն ժամանակ, երբ վերջինս սկսել է զրուցել քաղաքացիներից մեկի հետ։
Հավելենք նաև, որ դատական նիստի ընթացքում Վլադիմիր Գասպարյանին արգելվել է նկարահանել։