Պարտվելու դեպքում չեմ պատրաստվում նեղանալ և փախչել. Տիգրան Աթանեսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը: Վերջինս ներկայացրեց քարոզարշավի դրական և բացասական կողմերը: Որպես առավելություն` նշեց քարոզարշավի հանրային և բաց լինելը. «Նման ձևով սա առաջին քարոզարշավն է: Պալատը չունի քարոզարշավի համար հստակ սահմանված ընթացակարգ: Արել ենք այն, ինչ հարմար ենք գտել և կարողացել ենք»: 

Քարոզարշավի ամենաթերի կողմը թեկնածուն համարեց բանավեճի պակասը, թե ինչպիսին պետք է լինի Փաստաբանների պալատը, իսկ նախագահի մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի առաջարկած բանավեճին անդրադառնալով` նշեց. «Իմ ասածը սխալ մեկնաբանություն ստացավ: Ես ոչ թե դեմ եմ բանավեճին, այլ նրա առաջարկած ձևաչափին»:

Ընտրվելու դեպքում Տիգրան Աթանեսյանը նախևառաջ կբարելավի Փաստաբանների պալատի ինտերնետային կայքը, որի միջոցով ցանկացած փաստաբան իր մտքերը կհայտնի պալատում առկա խնդիրների վերաբերյալ և այն հասանելի կլինի բոլորին: Նրա կարծիքով պալատի փաստաբանների համար պետք է ապահովել նաև որակյալ իրավաբանական պաշտպանություն, ինչպես նաև հովանավորել երիտասարդ փաստաբաններին:

«Քարոզարշավի ընթացքում իմ հիմնական խնդիրն էր ցույց տալ փաստաբաններին, որ կա այլընտրանք, որը չի վախենում ասել ճշմարտությունը: Կարծում եմ այն ինձ արդեն հաջողվել է»,- Իրավաբան.net-ի թղթակցի հարցին պատասխանեց Տիգրան Աթանեսյանը, ապա հավելեց. «Հիմնականում շփվել եմ ինձ անծանոթ փաստաբանների հետ, ովքեր պալատից ունեն դժգոհություն: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ վիճակում է պալատը, իսկ իրականում պալատն ավելի պակաս է, քան կարող էր լինել: Այն դարձել է մի դրամարկղ, որտեղ փաստաբանները վճարում են անդամավաճր անդամությունից չզրկվելու համար: Այս ամենի հիմնական պատճառը նախևառաջ պալատի փակ լինելն է»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` հայտնեց, որ այն պետք է լինի գիտակցված ընտրություն. «Ես կարծում եմ, որ այս ընտրությունները կլինեն արդար և գիտակցված»:
Տիգրան Աթանեսյանը անցկացված քարոզարշավը բնորոշեց ոչ առողջ. «Մրցակցությունն այնքան էլ առողջ չէր: Իմ կողմից առաջ քաշված ոչ մի քննադատություն լուրջ չընդունվեց, այլ միանգամից ընկալվեց ինչպես սև PR»:

Հաղթելու շանսերը թեկնածուն գնահատում է լավ, և անկախ ընտրությունների արդյունքներից կշարունակի մնալ պալատի կողքին. «Ես միշտ եղել եմ պալատի կողքին: Անկախ արդյունքներից պարտավոր եմ մասնակցել բոլոր գործընթացներին: Պարտվելու դեպքում չեմ պատրաստվում նեղանալ և փախչել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել