Կառավարության առաջարկությամբ ոստիկանության ծառայողների և փրկարարների ատեստավորման նոր համակարգ է ներդրվելսւ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքը մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում։
«Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունվել են ապրիլի 21-ին։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ավելի վաղ հայտնել է, որ հստակ ամրագրվել է, որ ատեստավորման նպատակը նաև պաշտոնի համապատասխանության ստուգումն է և հավելավճարի հաշվարկը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի առաջարկով ավելացվել է դրույթ առ այն, որ ոստիկանապետի տեղակալները ևս կատեստավորվեն:
Փրկարար ծառայությունում նույնպես ներդրվում է ատեստավորման նոր համակարգ, ատեստավորում անցած փրկարարները հավելավճար են ստանալու։ Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի ծառայողների դեպքում կգործի այս ատեստացիան: Ատեստացիա անցած ծառայողները կստանան հավելավճար, կգործի հավելավճարի՝ գրեթե կրկնակիի չափով հաշվարկման մեխանիզմը: Ըստ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ սկզբունքն այն է, որ ատեստավորման շրջանակում պետք է կարողանան շուրջ կրկնակիի չափով ավելացնել փրկարար ծառայողների աշխատավարձը:
Ինչպես ոստիկանության ծառայողների դեպքում, այնպես էլ Փրկարար ծառայողների դեպքում ատեստավորման համար կտրվի 3 տարվա ժամկետ: 3 տարվա ընթացքում կտրվի մեկ անգամ վերապատրաստման հնարավորություն: