Ոստիկանության ծառայողները օրենքով սահմանված պարտականությունները կատարում և իրավունքներից օգտվում են իրենց իրավասության սահմաններում և զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
Ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են`
1) օգնություն ցույց տալ (այդ թվում՝ առաջին բժշկական օգնություն) հանցագործություններից, վարչական իրավախախտումներից և պատահարներից տուժած, ինչպես նաև անօգնական կամ կյանքի համար վտանգավոր այլ իրավիճակներում հայտնված քաղաքացիներին.
2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:
Ոստիկանության ծառայողները հոդվածի երկրորդ մասով սահմանված պարտականությունները կատարելիս օգտվում են ոստիկանության համար օրենքով նախատեսված իրավունքներից: