Երևանում ապամոնտաժվել է հեղուկ վառելիքի վաճառքի տաղավար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժվել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ, հաշվի առնելով տաղավարի հարակից բնակելի տների բնակիչների, ինչպես նաև երթևեկության և հետիոտների անվտանգության ապահովման խնդիրները,  դեռ նախկինում Երևանի քաղաքապետարանի կողմից պահանջ էր ներկայացվել շահագործվող տաղավարը ապամոնտաժելու և գործունեությունը դադարեցնելու համար, որի իրականացումը, սակայն, դատական վիճարկումների հետ կապված, հետաձգվել էր: 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տաղավարն ապամոնտաժվում է մի քանի պատճառներով: Ի սկզբանե այն տեղադրվել է այլ նպատակով և նախատեսված չի եղել հեղուկ վառելիքի վաճառքով զբաղվելու համար: 90-ական թվականներին ոչ հիմնական շինությունների հատկացման, դրանց գործունեության հետ կապված եղել են որոշակի ընթացակարգեր, որոնք չեն նախատեսել իրավունքի նկատմամբ պետական գրացում: Հետագայում արդեն այդ ամենը կարգավորվել է օրենսդրությամբ և համապատասխան իրավական ակտերով, որի արդյունքում ներկայում նմանատիպ շինությունները ենթակա են քանդման: Ի դեպ, վերջին տարիներին տասնյակ նման տաղավարներ են ապամոնտաժվել»,- նշել է Հայկ Ասատրյանը:

Երևանի քաղաքապետարանի կողմից գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել