Տեղի է ունեցել ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը

Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են նաև Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ:

Քննարկվել են գերատեսչական աշխատանքային խմբի՝ ս.թ. օգոստոսի 20-ին կայացած նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև հրավիրված ազատամարտիկների կողմից բարձրացված հարցեր, որոնց  շուրջ հաղորդումներով են հանդես եկել և պարզաբանումներ  տվել Խմբի անդամները՝ ըստ իրենց ներկայացրած ոլորտների: Նիստի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել «ազատամարտիկ» և «երկրապահ կամավորական» հասկացություններին, դրանց նույնականացմանը՝ իրավական և սոցիալական երաշխիքներ նախատեսելու տեսանկյունից:

Խնդիրը, ըստ ազատամարտիկների,  ծագել է  «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ տարընթերցման և հանրային ընկալումների համատեքստում: Քննարկումներ ծավալվեցին նաև հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորականների վաստակը պետության կողմից հավուր պատշաճի գնահատելու, այդ թվում, մարտական գործողություններին մասնակցելու բնույթով պայմանավորված` տարբերակված մոտեցում ցուցաբերելու ազատամարտիկների պահանջի շուրջ: 

Հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խմբի անդամներին տվել է հստակ հանձնարարականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի համաձայնեցմանը սեղմ ժամկետներում ներկայացնելու առաջարկ-հիմնավորումներ՝  օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ հանդես գալու նպատակով:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը եղել և գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին ականջալուր լինելու, դրանց արագ արձագանքելու և լուծում տալու նպատակով գերատեսչական խումբը շարունակելու է պլանավորված աշխատանքները՝ հարկ եղած դեպքում նիստեր գումարելով  նաև ազատամարտիկների առաջարկով՝ օրախնդիր հարցերը համատեղ քննարկելու համար:

Լուսանկարը՝ mil.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել