Դատապարտված անձանց ազատազրկման հետ կապված և ազատազրկման հետ չկապված պատիժները կրելուց հետո դատվածությունը մարվում է Քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ կարգով՝
1. Ազատազրկման հետ չկապված պատիժը կրելուց հետո անձի դատվածությունը համարվում է մարված.
1) մեկ տարվա՝ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
2) երեք տարվա՝ ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
3) հինգ տարվա՝ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո:
Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո, ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո, ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո, առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:
Նշենք, որ եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:
Եթե անձը պատիժը կրելուց հետո դրսևորել է անբասիր վարքագիծ, ապա նրա խնդրանքով դատարանը կարող է դատվածությունը հանել մինչև դատվածությունը մարելու ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան այդ ժամկետի կեսը լրանալը:
Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է:
Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:
Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները:
Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու՝ դատավորի, դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար: