Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը: Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը: Իրավունքի գրավատու կարող է լինել այն անձը, ում պատկանում է գրավ դրվող իրավունքը: Սա սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածով։
229-րդ հոդվածի համաձայն էլ՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգքրի 239-րդ հոդվածով սահմանված են գրավ դրված գույքի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի հետևանքները, որի համաձայն՝
1. Գրավատուն կրում է գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով:
2. Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ, սույն օրենսգրքի 417 հոդվածին համապատասխան (Պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության հիմքերը), կարող է ազատվել պատասխանատվությունից:
3. Գրավառուն գրավի առարկայի կորստի համար պատասխանատվություն է կրում դրա իրական արժեքի չափով, իսկ դրա վնասվածքի համար` այն գումարի չափով, որով այդ արժեքը պակասել է, անկախ այն բանից, թե գրավի առարկան գրավառուին հանձնվելիս ինչ գումարով է գնահատվել:
4. Եթե գրավառուին հանձնված գրավի առարկան վնասվածքի հետևանքով այնքան է փոխվել, որ չի կարող օգտագործվել իր ուղղակի նշանակությամբ, գրավատուն իրավունք ունի հրաժարվել դրանից և հատուցում պահանջել դրա կորստյան համար:
Պայմանագրով կարող է նախատեսվել գրավառուի պարտականությունը` գրավատուին հատուցել գրավի առարկայի կորստով կամ վնասվածքով պատճառված այլ վնասներ:
Գրավով ապահովված պարտավորության պարտապան գրավատուն իրավունք ունի գրավի առարկայի կորստի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասների հատուցումը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար: