Միքայել Արզումանյանի պաշտպանը միջնորդել է նրա նկատմամբ կիրառել տնային կալանքը, գրավ և բացակայության արգելքը․ բոլորը մերժվել են

Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։

Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդտել գործի քննությանը։

Նշեմ, որ Միքայել Արզումանյանն արդեն շուրջ 8 ամիս կալանքի տակ է պահվում հենց այդ հեղինակության համար։ Որևէ այլ հիմնավորում երբևէ չի ներկայացվել։

Ի հակառակ դրա, նշեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, ապա այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։

Պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, որոնք միանշանակ ի զորու են բացառել հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը, որը դրևսորելու ցանկություն Միքայել Արզումանյանը երբեք չի էլ ունեցել, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։

Ընդգծեմ, որ սույն քրեական գործով դատարանում պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի և ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով ևս առավել քան անհիմն էր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել