Վթարի են ենթարկվել 58 համարի ավտոբուսը և մի քանի ավտոմեքենա․ ՆԳՆ ՓԾ

Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են թիվ 58 համարի երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1974 թ.), «VAZ-2107» (վարորդ՝ Գ. Ջ., ծնված 1995 թ.), «Nissan Fuga», «Kia Optima», «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմքենայի ուղևորներ Կ. Հ.-ն, Ջ. Ա.-ն և Հ. Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել