Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անձնագրային կետ տեղակայելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում:

Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով` հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ:

Պարզ ասած, Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ` համապատասխան ստուգումներով և ռեժիմով:

«Ադրբեջանական բնապահպանների» աշխատանքը Շուշիի հատվածում ավարտվում է` անցակետի առկայության դեպքում նրանց անելիքն անիմաստ է:

Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով:

Իսկ ի՞նչ կանի ՀՀ իշխանությունը` կմեծացնի ուժային-թիկնապահական կազմը, ասֆալտի ծավալը, մի քանի հազարով թոշակները ու կբարձրացնի բոլոր այն գրչակների փողերը, ովքեր ստիպված պետք է ողջունեն իշխանության հանցավոր անգործությունն ու երկիրն այս կետին հասցնելը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել