Ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի գնումների հայտարարությունը

Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում և https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:

Բաց ընթացակարգի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման պահից:

Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) բաց ընթացակարգի ծածկագիրը.

3) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

4) մասնակիցների` բաց ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) թղթային ձևով հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.

8) հաղթող մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.

9) հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.

10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը և բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.

11) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

12) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

Հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելու օրվա ընթացքում թղթային ձևով ստանալ հրավեր:

Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հիսնապատիկը, ապա մասնակիցն իրավունք ունի նաև պահանջելու ռուսերենով և անգլերենով հրավեր:

Բաց ընթացակարգի դեպքում փաստաթղթային ձևով հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել հրավերի պատճենահանման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Ռուսերենով և անգլերենով հրավերի տրամադրման, այդ թվում` գանձվող վճարի չափի հաշվարկման կարգը սահմանվում է հրավերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել