Ի՞նչ նվերներ կարող է ընդունել հանրային ծառայողը

Հանրային ծառայողը պետական և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձն է:

Հանրային ծառայության տեսանկյունից «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոնատար անձ չհանդիսացող անձի: «Նվեր» հասկացությունը մասնավորապես չի ընդգրկում կենցաղային հյուրընկալությունը, ազգականից, բարեկամից կամ ընկերոջից ստացած նվերը, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին։

Հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը, երբ թույլատրվում է ընդունել նվեր.

1) պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության.
2) ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի.
3) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում։

Եթե վերը նշված թույլատրելի գույքային ոչ սպառողական նվերը իր արժեքով գերազանցում է 100.000 Հայաստանի Հանրապետության դրամը, ապա`

1) վերադաս ունեցող հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցողն իր նախաձեռնությամբ նվերը տրամադրում է բարեգործության, կամ
2) այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը և գույքագրվում է որպես այդպիսին:

Թույլատրելի համարվող նվերի արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական գինը, որը նվեր ստացողը գիտեր կամ կարող էր իմանալ նվերի ընդունման պահին կամ դրա ընդունումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել