Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է:
Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:
Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ), համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:
Երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կնքվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ու խնամատար ծնողների (ամուսինների կամ առանձին քաղաքացիների, ովքեր ցանկանում են դաստիարակության նպատակով երեխաներին վերցնել իրենց ընտանիք) միջև:
Երեխային (երեխաներին) խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։
Դաստիարակության համար երեխային (երեխաներին) ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի (երեխաների) ապրուստի, դաստիարակության և կրթության պայմանները, խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները, խնամատար ընտանիքի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտականությունները, ինչպես նաև այդ պայմանագրի դադարման հիմքերն ու հետևանքները։
Իսկ հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: