Հարգելի գործընկերներ,
Ինչպես գիտեք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին հրավիրել եմ մասնակցել բանավեճ-քննարկմանը 2013թ. սեպտեմբերի 12-ին ժամը 13.00-ին ք.Երևան, Ամիրյան 1 հասցեում գտնվող Արմենիա Մարիոթ հյուրանոցում (Տիգրան-Մեծ դահլիճ):
Կրոմվել Գրիգորյանն ընդունել էր առաջարկս, իսկ Տիգրան Աթանեսյանը` ոչ:
Բոլոր դեպքերում, հաշվի առնելով, որ թեկնածու-գործընկերներիս կարող է մտահոգել բանավեճ-քննարկման ձևաչափը, ստորև ցանկանում եմ ներկայացնել այդ բանավեճ-քննարկման առաջարկվող կանոնները, որոնք կարծում եմ կապահովեն առողջ, հավասար և մրցակցային քննարկում:
1. Վարողը, կներկայացնի երեք թեկնածուներին և ազգանվան այբենական հերթականությամբ ձայն կտա թեկնածուներին` իրենց խոսքը փաստաբաններին և լրագրողներին ներկայացնելու համար: Յուրաքանչյուր թեկնածուի կտրվի մինչև 5 րոպե ժամանակ:
2. Այնուհետև, վարողը կգրանցի փաստաբաններին և լրագրողներին, ովքեր ցանկություն են ունենալու հարցեր տալ:
3. Գրանցելուց հետո, վարողը ըստ գրանցման հերթականության կհրապարակի հարց տվող փաստաբանի կամ լրագրողի անունը, ով իրավունք է ունենալու հարց տալ: Յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն է ունենալու տալ մեկ հարց: Յուրաքանչյուր լրագրող հնարավորություն է ունենալու տալ երկու հարց:
4. Հարցերը տրվելու են հետևյալ կերպ` երկու հարց- փաստաբաններից, մեկ հարց լրագրողներից:
5. Հարցերին թեկնածուները կարող են պատասխանել հետևյալ կերպ` ա/ եթե տրված հարցն ընդհանուր է, ապա այդ հարցին պատասխանում են բոլոր թեկնածուները հետևյալ հերթականությամբ` ազգանվան այբենական կարգով, այն պայմանով, որ հաջորդ ընդհանուր հարցին առաջինը պատասխանելու է մյուս թեկնածուն, բ/ եթե հարցը վերաբերում է կոնկրետ թեկնածուին, ապա այդ հարցին պատասխանում է կոնկրետ թեկնածուն:
6. Արգելվում է բանավեճ-քննարկման ժամանակ ռեպլիկներ անել, վիրավորել թեկնածուներին, փաստաբաններին կամ լրագրողներին:
7. Վարողը պետք է հետևի, որ ներկաները պահպանեն այս կարգը, իսկ վիրավորական հարցերը վարողի կողմից պետք է հանվեն:
Հարգելի գործընկերներ, կրկին կոչ եմ անում Ձեզ մասնակցել այս բանավեճ-քննարկմանը և Ձեզ հուզող հարցերը ներկայացնել թեկնածուներիս:
Եթե իմ գործընկեր-թեկնածուները ցանկանան, որ կանոններում լրացումներ կամ փոփոխություններ կատարենք, ապա սիրով պատրաստ եմ հանդիպել իրենց հետ բանավեճ-քննարկման անցկացման կարգը համատեղ որոշելու համար:
Եկեք ցույց տանք հանրությանը, որ փաստաբաններիս մոտ ընտրություններն անցկացվում են բարձր մակարդակով, քանի որ մենք բոլորս ունենք այն ներուժը և իրավագիտակցությունը, ապահովելու համար արդար ընտրություններ և մենք կարող ենք վեր գտնվել մեր անձնական ամբիցիաներից:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու,
փաստաբան Արա Զոհրաբյան