Ո՞վ է կատարողը և ի՞նչ իրավունքներ ունի վերջինս

Կատարում է համարվում դերասանի, երգչի, երաժշտի, պարողի, դիրիժորի, խմբավարի կամ այլ անձի կատարումը, որը դերակատարում, երգում, ասմունքում, ներկայացնում կամ այլ ձևով կատարում է գրական կամ գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում՝ ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:

Կատարողներ են համարվում դերասանները, երգիչները, երաժիշտները, պարողները, դիրիժորները, խմբավարները և այլ անձինք, ովքեր դեր են կատարում, երգում են, արտասանում, կարդում, նվագում կամ այլ ձևով կատարում են գրական կամ գեղարվեստական ստեղծագործություններ, կրկեսային, տիկնիկային, էստրադային և համանման այլ ներկայացումներ, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:

Կատարողն իր կատարման նկատմամբ ունի բացառիկ անձնական ոչ գույքային և բացառիկ գույքային իրավունքներ։

Կատարողին են պատկանում իր կատարման նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

ա) կատարող ճանաչվելու իրավունքը.

բ) կատարումը հնարավոր աղավաղումներից, կատարողի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը:

Կատարողի անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ:

Կատարողը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր կատարումը ցանկացած ձևով և եղանակով և կատարման օգտագործման յուրաքանչյուր ձևի համար ստանալու վարձատրություն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Կատարողն իրավունք ունի թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա) հեռարձակել կենդանի կատարումը կամ իրականացնել դրա հրապարակային այլ հաղորդումը, եթե այդպիսի հաղորդման համար չի օգտագործվում մինչ այդ իրականացված կատարման ամրագրումը, կամ օգտագործվող կատարումը մինչ այդ չի հեռարձակվել.

բ) նախկինում չամրագրված կատարման ամրագրումը.

գ) կատարման ամրագրման ուղղակի կամ անուղղակի վերարտադրումը.

դ) իր կատարումը պարունակող հնչյունագրերն ու տեսագրությունները վաճառքի կամ սեփականության իրավունքիփոխանցման այլ ձևով տարածումը, այդ թվում՝ ներմուծումը.

ե) կատարման ամրագրման հեռարձակումը, եթե ի սկզբանե այդ ամրագրումն իրականացվել է ոչ առևտրային նպատակով.

զ) կատարման ամրագրումների վարձույթով տալը.

է) կատարման ամրագրումների փոխատվությունը.

ը) կատարման ամրագրումները հանրությանը մատչելի դարձնելը։

Կատարողն իրավունք ունի նաև արգելելու կատարումների` առանց իր թույլտվության պատրաստված ամրագրումների օրինակների ներմուծումը:

Եթե կատարումների ամրագրումների օրինակները քաղաքացիական շրջանառության մեջ են դրվել վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ ձևով, ապա դրանց հետագա տարածումը, այդ թվում` ներմուծումը, իրականացվում է առանց կատարողի համաձայնության և վարձատրության։

Առևտրային նպատակով լույս ընծայված կատարումների ամրագրումների օրինակները վարձույթով տալու իրավունքը պատկանում է կատարողին, անկախ այդ օրինակների նկատմամբ սեփականության իրավունքից: Կատարողը պահպանում է վարձույթով տալու համար արդարացի վարձատրություն ստանալու իր իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առ ոչինչ է: Այդ իրավունքը կարող է իրականացվել գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության միջոցով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված թույլտվությունները տալիս է կատարողը, իսկ կատարողների խմբի դեպքում՝ նրանց լիազորած անձը՝ օգտագործողի հետ գրավոր պայմանագիր կնքելու միջոցով: Ընդ որում, կատարողների խմբի համար կազմված պայմանագիրը չի կարող տարածվել մենակատարների և դիրիժորների վրա:

Կատարողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի։ Կատարողը կարող է նաև պայմանագրով կատարման օգտագործման թույլտվություն տալ երրորդ անձանց: Պայմանագրում նշվում են կատարման օգտագործման եղանակն ու ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, պայմանագրի գործողության ժամկետը, տարածքը և այլն:
Կատարողի գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել