Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատերերին կամ ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործման պայմանների և ժամկետների մասին տեղեկատվությունը և այդպիսի տեղեկատվություն պարունակող կամ ներկայացնող համապատասխան թվերը կամ կոդերը, որոնք նշված են ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ են գալիս ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը հանրությանը հաղորդելիս:
Ցանկացած անձ, որը գիտակցաբար՝
ա) առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը,
բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության,
գ) գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների որևէ խախտման կամ թաքցնում է դա՝
ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության: