Ի՞նչ է ՀՀ վերադարձի վկայականը և ե՞րբ է այն տրվում

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Օրինական փաստաթուղթ է համարվում ՀՀ քաղաքացու անձնագիրը, փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը, որոնք վավերական են և պիտանի են օգտագործման համար:

ՀՀ վերադարձի վկայական ստանալու իրավունք ունի.

ՀՀ քաղաքացին,

ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձը,

ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձը:

Վերադարձի վկայական տրվում է որևէ պատճառով (կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու) օրինական փաստաթղթի բացակայության և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում: Վերադարձի վկայական տրվում է նաև օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվող և օրինական փաստաթուղթ չունեցող անձանց` ՀՀ վերադարձն ապահովելու համար, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` սահմանված կարգով ներկայացված հարցման հիման վրա:

Վերադարձի վկայական ստանալու համար անձն անձամբ (նաև փոստային ծառայության միջոցով) կամ օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի միջոցով օտարերկրյա պետությունում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ՀՀ քաղաքացու օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց օրինական փաստաթուղթ և (կամ) զինվորական գրքույկ և (կամ) կցագրման վկայական և (կամ) վարորդական վկայական կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները ներկայացվելու դեպքում, եթե դրանց իսկությունը կասկած չի հարուցում (չկան չհաստատված ջնջումներ և ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքներն ու դրոշմակնիքները հստակ են, փաստաթուղթն առավելապես մաշված չէ) և, եթե դրանցում պատկերված անձը և վերադարձի վկայականի համար դիմող անձը նույնական են, հյուպատոսական հիմնարկն առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վերադարձի վկայական` առանց ՀՀ ԱԳՆ հարցում կատարելու:
Մնացած բոլոր դեպքերում հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու համար էլեկտրոնային հարցում է կատարում ՀՀ ԱԳՆ:

Այս դեպքում վերադարձի վկայականը տրամադրվում է 12 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 10 աշխատանքային օրով:

Վերադարձի վկայականը տրվում է մեկ ամիս ժամկետով:

Ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման դեպքում այն կարող է տրամադրվել մինչև երկու ամիս ժամկետով:

Եթե անձը հյուպատոսական հիմնարկ է ներկայացրել բնօրինակ փաստաթուղթ և դրա պատճենը, ապա դրանց համեմատումից հետո բնօրինակը վերադարձվում է անձին: Եթե պատճենը չի ներկայացվել, բնօրինակը պատճենվում է հյուպատոսական հիմնարկում, որից հետո այն վերադարձվում է տիրոջը:

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, վերադարձի վկայականն օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել ՀՀ ԱԳՆ-ում:

Ռեադմիսիայի համաձայնագրերով սահմանված դեպքերում վերադարձի վկայականը կարող է տրվել նաև ոչ ճշգրիտ տվյալներով, եթե առկա են ՀՀ քաղաքացիությունը հավաստող տվյալներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել