Հայաստանի Հանրապետությունում թևակոխել ենք Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետը և նշել, որ դրա համար առաջիկայում դասընթացներ կսկսվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,– նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:
Վարչապետը նշել է նաև, որ այս հարցում ակնկալում է նախարարների, մարզպետների ու հատկապես պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդների աջակցությունը:
Նշենք նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությանն ընդունել է որոշում՝ ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման նպատակով։