Այսօր Ավագ երեքշաբթին է։ Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4): Այս մասին հայտնում է Qahana.am-ը։
Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
Այս օրը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես պետք է ապրի ճշմարիտ քրիստոնյան, որպեսզի վերջում չարժանանա Քրիստոսի «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» դառը և կործանարար խոսքերին, այլ միշտ արթուն լինի, որովհետև հայտնի չէ Մարդու Որդու գալստյան ո՛չ օրը և ո՛չ ժամը (հմմտ. Մատթեոս 25.13):
————————————
Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ:
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր նույնպես կոչվում է Ավագ, և շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր առանձին խորհուրդը: