Աշխատողի մահվան դեպքում արդյո՞ք գործատուն կարող է չվճարել նրա չստացած աշխատավարձը

Հաճախ է պատահում, որ աշխատողը մահանում է՝ չհասցնելով ստանալ իր աշխատավարձը: Արդյոք նման դեպքերում գործատուն կարող է չվճարել աշխատավարձը:

Շատ դեպքերում, անբարեխիղճ գործատուները, օգտվելով քաղաքացիների չիմացության հանգամանքից, մահացածի ընտանիքի անդամներին չեն վճարում կամ հրաժարվում են աշխատողի աշխատավարձի վճարումից:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի համաձայն` աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:

Ավելին, չվճարված աշխատավարձի գումարների ժառանգման հետ կապված հարցերի լուծումը տրված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, որի 1249-րդ հոդվածը սահմանում է` վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել