Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այժմ անազատության մեջ գտնվող Արուսյակ Ալեքսանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու դառնալու դիմում է ներկայացրել։ Iravaban.net-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է դատավորի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
Նշենք, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է Բարձրագույն որակավորման կոմիտեն:
«Շարժառիթը՝ որպես իրավաբան էլ ավելի զարգանալը, իր մտքերն էլ ավելի հասանելի դարձնելն է եղել»,-մեզ հետ զրույցում նշեց Անդրանիկ Մանուկյանը։
Նշենք, որ կարգի համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 6 գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում և մեկ հոդված առանց համահեղինակների:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Եվգենյա Համբարձումյան