Տեղեկատվության նշանները տեղեկացնում են բնակավայրերի և այլ օբյեկտների տեղակայման, ինչպես նաև սահմանված կամ առաջարկվող երթևեկության ռեժիմների մասին:
6.1. «Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում». կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում.
6.2. «Առաջարկվող արագություն». ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն:
Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ.
6.3.1. «Հետադարձի տեղ». ձախ շրջադարձն արգելվում է.
6.3.2. «Հետադարձի գոտի». հետադարձի համար գոտու երկարությունը: Ձախ շրջադարձն արգելվում է.
6.4. «Կայանման տեղ».
6.5. «Վթարային կանգառի գոտի». կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի.
6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում».
6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում».
6.8.1 – 6.8.3. «Փակուղի». միջանցիկ անցում չունեցող ճանապարհ.
6.9.1. «Ուղղությունների նախնական ցուցիչ», 6.9.2. «Ուղղության նախնական ցուցիչ». երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ: Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր: 6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ: 6.9.1 նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը: 6.9.1 նշանը կիրառվում է նաև 3.11 – 3.15 արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար.
6.9.3. «Երթևեկության սխեմա». խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ.
6.10.1. «Ուղղությունների ցուցիչ», 6.10.2. «Ուղղության ցուցիչ». դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ: Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր.
6.11. «Օբյեկտի անվանում». բնակավայրերից բացի` այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն).
6.12. «Հեռավորությունների ցուցիչ». մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ).
6.13. «Կիլոմետրային նշան». մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ).
6.14.1, 6.14.2. «Երթուղու համարը». 6.14.1` ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը, 6.14.2` ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը.
6.15.1 – 6.15.3. «Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար». բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է.
6.16. «Կանգ-գիծ». լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ.
6.17. «Շրջանցման սխեմա». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի.
6.18.1 – 6.18.3. «Շրջանցման ուղղություն». երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն.
6.19.1, 6.19.2. «Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ». բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն:
Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով:
Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում.
6.20.1, 6.20.2. «Վթարային ելք». թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը.
6.21.1, 6.21.2. «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն». ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը:
Տեղեկատվության նշանների լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ