Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ամփոփվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ուղղված 8 ամսից ավելի ժամկետով քննվող քրեական գործերի (վարույթների) ձգձգման պատճառների վերհանմանը և արդյունքների ներկայացմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալներ Գևորգ Բաղդասարյանը, Արթուր Պողոսյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից մեկին՝ գործերի քննության ժամկետների ձգձգմանը: Աննա Վարդապետյանն այս համատեքստում ընդգծել է, որ Ազգային ժողով ուղարկված՝ Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ, «ուշացած արդարադատությանը» վերաբերող առանձին գլուխ է նախատեսվել և ԱԺ-ում այն ներկայացնելիս՝ անդրադառնալու է գործերի ձգձգման համակարգային խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին, որոնք մշակվում են այս հարցի կապակցությամբ Գլխավոր դատախազությունում իրականացվող աշխատանքների և ամփոփումների արդյունքում:
Գլխավոր դատախազի՝ փետրվարի 6-ի հանձնարարականի համաձայն՝ մինչդատական վարույթում 8 ամսից ավելի քննվող քրեական գործերի (վարույթների) ընթացքն ու քննության ժամկետների ձգձգման պատճառները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների մոտ, ինչպես նաև Գլխավոր դատախազության համապատասխան վարչություններում անցկացված օպերատիվ խորհրդակցություններում:
Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը Աննա Վարդապետյանին են ներկայացրել իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքները և ընդգծել, որ հանձնարարականի արդյունքներով՝ իրենց և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել գործերի (վարույթների) քննության ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին՝ դրանցից առանձնացնելով քրեական վարույթների քանակի աճը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի որակն ու փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:
Բարձրացված խնդիրների կապակցությամբ իրականացված քննարկման և ներկայացված առաջարկների արդյունքներով՝ հանրապետության գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
8 ամսից ավելի քննվող քրեական գործերի (վարույթների) քննարկումները կիրականացվեն ՀՀ գլխավոր դատախազի կողմից սահմանված պարբերականությամբ: