Մարտի 26-ին Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։

Շիրակի մարզի Անի համայնքն ունի 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 87 տեխնիկական սարքավորում:

Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։ Ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԿԸՀ կայքով։

Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։

Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 15 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 2 կազմակերպություն, որոնցից 1՝ համատեղ։

ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը, Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը օրվա ընթացքում գտնվելու են Սիսիան համայնքում, իսկ ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ Անի համայնքում։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել