ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։ Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջև: Նշված անձինք, պարզաբանումներ կատարելու նպատակով, առանձնացել են այգում, որտեղ նրանց միջև շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած՝ վերջինիս 35-ամյա եղբորը։ Արդյունքում, եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս:
Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Իսկ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը, դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել այլևս շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ:
47-ամյա տղամարդուն մեղադարանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։
Դանակահարության ևս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: