ՄԻԵԴ-ը բավարարել է Ղարիբ Միտիչյանի և Կամսար Թամարյանի դիմումները, որոնցով միաձայն ճանաչել է նրանց արտահայտվելու ազատության իրավունքի խախտում․ Լուսինե Հակոբյան 

Իրավաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր երկու վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի երկու բնակիչների` Ղարիբ Միտիչյանի և Կամսար Թամարյանի դիմումները, որոնցով միաձայն ճանաչել է նրանց արտահայտվելու ազատության իրավունքի խախտում:

Նաև վճռել է, որ պետությունը նրանցից յուրաքանչյուրին պետք է վճարի 1200 եվրոյի չափով բարոյական վնասի և 1000 եվրոյի չափով դատական ծախսերի հատուցում:

Այս վճիռներն ինձ մտովի տեղափոխեցին արդեն հեռավոր 2012թ., երբ դեռ ընդամենը մի քանի ամսվա փաստաբանական արտոնագրերով բոլոր հնարավոր ատյաններով պայքարում էինք Լեռնապատի տասնյակից ավելի բնակիչների իրավունքների խախտումների դեմ, որոնց հեղինակը այդ նույն գյուղական համայնքի ղեկավար, Վանաձորի մանկավարժական համալսարանի դասախոս Վանո Եղիազարյանն էր: Այս մարդը, լինելով համայնքի ղեմավար, ինչ երևակայելի ու աներևակայելի ձևերով ասես, որ թալանել էր համայնքի բյուջեն. էլ պահակին ազատել իրեն ձևակերպել էր պահակ, էլ վարորդին ազատել, իրեն ձևակերպել էր վարորդ, էլ համայնքի բյուջեով իր ոչ բարով գրականագիտական աշխատություններն էր տպագրում, ու արդել էլ չեմ էլ հիշում ինչ: Վերջին անգամ նրա անունը հանդիպեցի Քոչարյանի աջակից, իբր թե, մտավորականների ցուցակում` էլի իր բնավորության համաձայն ցուցակում երկու անգամ էր անունը գրել տվել` հավանաբար մտածելով, որ Քոչարյանի հաղթանակի դեպքում իր շահումը կկրկնապատկվի: Բնակիչների արդարացի բողոքներին ի պատասխան քրեական գործ էր հարուցվել, սակայն իրավապահ համակարգը գործն ի վերջո կարճեց, իսկ տխրահռչակ գյուղապետը հայցեր էր հարուցում Լոռու մարզի դատարանում, որոնք մեծավ մասամբ քննում և նրա օգտին էր հանգուցալուծում նույն համալսարանում իրավաբանական ֆակուլտետի դասախոս իր դատավոր-կոլեգա Վարդուհի Հովնանյանը: Մյուս երկու ատյաններն էլ բողոքները բնականաբար մերժելով էին զբաղված:

Այս գործերով իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՔԱՎ-ի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը` ներկայացնելով բնակիչներից մի քանիսին նրանց դեմ ներկայացված զրպարտության գործերով: Այս գործերը նաև լուսաբանել է Ժաննա Ալեքսանյանը, որի հետ մասին քանիցս այցելել ենք այս հրաշք գյուղը:

Ու այժմ, իհարկե, ոչ բոլորի, բայց բնակիչներից երկուսի իրավունքների խախտումները մասնակիորեն վերացվում են Եվրոպական դատարանի գոյության շնորհիվ, ինչը նորից գալիս է հաստատելու, որ արդարադատությունը կարող է մեռնել, բայց այն նաև հարություն առնելու հատկություն ունի:

Իսկ դե ես անխոս ուրախ եմ իմ սիրելի լեռնապատցիների համար…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել