Մաքսանենգություն է համարվում խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների, ինչպես նաև անկախ չափերից թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են կանոններ, ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով:
Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասի` մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: