«Կրթության մասին» օրենքում արտադպրոցական կրթության հետ կապված փոփոխություններ ու լրացում է կատարվել, որն ուժի մէջ է մտել մարտի 6-ին։
Iravaban.net-ը հայտնում է, որ սահմանվել է, որ արտադպրոցական կազմակերպությունը, կենտրոնը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր։ Արտադպրոցական ծրագիր` երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր։
Օրենքի 20-րդ հոդվածով սահմանվել է․
1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը` խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:
2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը և գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը` ի նպաստ երեխայի լավագույն շահի:
3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական, ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով:
4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում:
5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության և կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման:
6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար:
7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը: